Այսօր: Ուրբաթ, 19 Հուլիսի 2019թ.
Հովտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 246
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶ ՀՈՎՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔ
 
ԶԼՄ-ները մեր մասին
 
01/07/2013
«Իմ համար պատվի հարց է լինել լավ ղեկավար»

Հովիկ Թադևոսյան. Արարատի մարզի Հովտաշատ համայնքի ղեկավար

Արարատի մարզի Հովտաշատ համայնքում այսօր՝ հուլիսի 1-ին, տոնական տրամադրություն էր։ Բազամաթիվ հյուրեր էին եկել Հովտաշատ։ Հանդիսությանը ներկա էր նաև Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը։
Համայնքի նորընտիր ղեկավար Հովիկ Թադևոսյանի անձնական ջանքերի շնորհիվ շահագործման հանձնվեց մանկապարտեզի վերանորոգված մի հատվածն, ինչի շնորհիվ ևս մեկ խումբ բացվեց նախադպրոցական այս կառույցում։  

 

Եվրավերանորոգված խմբասենյակից բացի՝ կահավորվել է նաև խաղասենյակը, լուծվել է նաև մանկապարտեսզի խոհանոցում ջեռուցում ունենալու խնդիրը։
Համայնքի ղեկավար Հովիկ Թադևոսյանը, ով համայնքապետ է ընտրվել 2012թ. նոյեմբերի 12-ին կայացած ՏԻՄ ընտրություններում, առաջնահերթ խնդիր էր համարում այն, որ փոքրիկները լավ պայմաններում հաճախեն  մանկապարտեզ, ուստի պատահական չէր, որ համայնքապետի աշխաանքային գործունեությունը սկսվեց հենց այս խնդրին լուծում տալով։


Մինչ այդ էլ Հովիկ Թադևոսյանը ամենատարբեր հարցերով օգնել է համագյուղացիներին, ներդրումներ արել համայնքի մի շարք խնդիրներին լուծում տալու գործում: Սակայն գյուղապետ ընտրվելով՝ պատասխանատվությունն ու ծրագրերն առավել քան ավելացել են։

 

Տոնական հանդիսությունից հետո՝ Menqumenq-am-ի լրագրողը զրուցեց Հովիկ Թադևոսյանի հետ, պարզեց, թե ի՞նչ աշխատանքներ են արդեն կյանքի կոչվել, ի՞նչ ծրագրեր, ի՞նչ խնդիրներ կան։
***
-Պարոն Թադևոսյան, ավանդական դարձած մի հարց՝ ինչո՞ւ որոշեցիք Ձեր թեկնածությունն առաջադրել. գաղտնիք չէ, որ Դուք բիզնեսներ ունեք, և շատերի համար զարմանալի էր Ձեր այդ քայլը։


- Ինձ համար ինքնանպատակ չէր գյուղապետ ընտրվելը։ Իհարկե, ես միշտ էլ իմ համայնքի բնակիչների կողքին եմ եղել, օգնել եմ ինչով կարողացել եմ, սակայն՝ ելնելով իմ կուսակցական, ընկերական, ինչպես նաև ֆինանսական կարգավիճակից, հասկացա, որ ավելին կարող եմ անել, եթե լինեմ համայնքապետ: Իմ համար մեծ պատիվ է ղեկավարել այն համայնքը, որտեղ ծնվել, մեծացել եմ, որտեղ բնակվում եմ ես, ընտանիքս, հարազատներս, ընկերներս, համագյուղացիներս։ Իմ համար պատվի հարց է լինել լավ ղեկավար, լավ կառուցել իմ երեխաների, թոռնիկների իմ համագյուղացիների տունը, իմ հայրենի օրրանը։
-7-8 ամիս է արդեն, որ ղեկավարում եք Հովտաշատ համայնքը, գյուղացիները փաստում են, որ այդ կարճ ժամանակահատվածում գյուղում արդեն դրական տեղաշարժեր են նկատվում։ Ինչո՞վ է դա պայմանավորված։ 


-Մեծ ցանկությամբ։
-Շատերը խոսում են նաև Ձեր բարեգործություններից. կասե՞ք, ինչի՞ մասին է խոսքը։


- Չեմ ուզում շեշտել, թե ինչ եմ արել, քանի որ՝ եթե հիշում ես արածդ, ուրեմն՝ ոչինչ չես արել։

-Այնուամենայնիվ…

- Իմ օժանդակությամբ սպորտ դպրոցի բակն է կանաչապատվել, ասֆալտապատման աշխատանքներին եմ ներդրում ունեցել, օգնել եմ մանկապարտեզին, գյուղացիներին՝ վարկերի, պարարտանյութի ձեռք բերման հետ կապված հարցերում օժանդակել եմ։

- Ի՞նչ խնդիրներ են լուծվել համայնքի ղեկավար դառնալուց հետո։


-Ոռոգման ջրի խնդիր ունեինք. գյուղում 4 հատ պոմպակայան ենք կառուցել, ինչից հետո ոռոգման սեզոնում այլևս խնդիրներ չեն լինում։ Այդ աշխատանքներում մեզ օգնել է նաև մարզպետարանը:
Բացի այդ՝ 100 ընտանիքի՝ սեփականության իրավունքով 1000-ական քմ հողատարծքներ ենք հատկացրել: 
Հիմա խմելու ջրի հետ կապված հարցեր կան, որին առաջիկայում լուծում կտրվի։ Ինչքան էլ որ զարմանալի է, բայց գյուղը մինչ այժմ չուներ Գլխավոր հատակագիծ, դիմել ենք կառավարությանը, փորձում ենք այդ հարցը ևս լուծել։

 

- Երբ լսում ենք, որ շատ խնդիրներ այս գյուղում լուծվում են հաճախ նաև Ձեր անձնական միջոցների հաշվին, մի քիչ անհավանական է հնչում, քանի որ շատերը ձգտում են համայնքի ղեկավար դառնալ ոչ թե ինչ որ բան տալու, այլ՝ ստանալու համար… 

 

 

-Տանելու բան չունեմ, ստանալու՝ առավել ևս. ինձ ճանաչողները միանշանակ կարող են դա փաստել։ Ես միայն մեկ ակնկալիք ունեմ. իմ սեփական բիզնեսից էլ առավել զարգացնել իմ գյուղը։
- Այսօր գյուղական մանկապարտեզը լավ նվեր ստացավ ձեզնից. ևս մեկ խումբ երեխաներ կարող են հաճախել մանկապարտեզ, օրն անցկացնել վերանորոգված ու լավ կահավորված խմբասենյակում։ Ինչո՞վ էր պայմանավորված այս նախաձեռնությունը։ 


- Հովտաշատը Արարատի մարզի ամենամեծ գյուղերից մեկն է, որի համար գերխնդիր է, որպեսզի մանկապարտեզի խմբերի քանակն ավելանա. ևս 4 խմբի պահանջարկ կար, այսօր արդեն՝ 3։ Առաջիկայում , աստիճանաբար խնդրին ամբողջական լուծում կտանք։
Բացի խմբասենյակի կապիտալ վերանորոգումից՝ մանկապարտեզում հանգստի սենյակ , խաղասենյակ է կառուցվել։ Երբ տեսնում եմ, այս փոքրիկ մանուկների ու նրանց ծնողների ուրախությունը՝ ոգևորում եմ, ուժ ստանում՝ առավելագույնն անել նրանց համար։
-Նաև գյուղապետարանի շենքն է վերանորոգվում…ճի՞շտ է, որ այդ ամենը Ձեր անձնական գումարներով են կատարվում։


-Գյուղապետարանի շենքի վերանորոգման աշխատանքները աշնանն արդեն կավարտվեն։ Եվ գյուղապետարանի շենքի կառուցման, և մանկապարտեզի վերակառուցման համար այո, իմ անձնական գումարներից եմ ներդրում կատարել, որի մասին չէի ուզի բարձրաձայնել։
-Առաջիկա ի՞նչ ծրագրեր կան։

-Հաջորդ տարի կվերջացնենք գյուղի լուսավորության հարցը. չլուսավորված ոչ մի փողոց այլևս չենք ունենա: Նախատեսում ենք իրականություն դարձնել գյուղացիների երազանքը՝ եկեղեցու կառուցումը։

 

Ծրագրերը շատ են, դրանք իրագործելու ցանկությունը՝ մեծ։ Հավատացնում եմ, որ նպատակաուղղված աշխատանքի արդյունքն, առաջիկա տարիներին, առաջընթացն, անշուշտ, տեսանելի կլինի բոլոին:

www.menqumenq.am
http://menqumenq.am/archives/19953

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՈՎՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner